Վահան տերյան

ՏԵՐՅԱՆԻ <<ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ>>

Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…

ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

300-201002109

Տերյանի նկարներ

Վահան Տերյան Վիքիպեդիա

Պատմում է Հովհաննես Թումանյանը Վահան Տերյանի մասին

Բանաստեղծություններ Տերյան

Քաջ նազարը

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս-լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։

Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

— Աստված օրհնի, որդի՛ս։

— Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․Անհաղթ հերոս Քաջըն Նազար,Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։

Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։

2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է՝ գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ո՜նց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի՛ ասիլ՝ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով՝ անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է։

— Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ, կա-չկա՝ էս ավազակներ են․․․

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար․ գոռգոռալով գալիս է տեսնում՝ մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։

3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։

Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աստծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․Անհաղթ հերոս Քաջըն Նազար,Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝Անհաղթ հերոս Քաջըն Նազար,Որ մին զարկի՝ ջարդի հազար։

— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։

— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։

— Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։Բարով եկար, հազար բարի,Հըզոր արծիվ մեր սարերի,Թագ ու պարծանք մեր աշխարհի,Անհաղթ հերոս Քաջըղ Նազար,Որ մին զարկես՝ ջարդես հազար։Խեղճ տըկարին դու ապավեն,Ազատ կանես ամեն ցավեն,Մեզ կըփրկես անիրավեն,Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,Որ մին զարկես՝ ջարդես հազար։Մատաղ ենք մենք քո դըրոշին,Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,Նրա ոտին, պոչին, բաշին,Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս էԱնհաղթ հերոս Քաջըն Նազար,Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

4

Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանաչ դաշտ։ Էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են, ի՞նչ են տեսնում․ հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած․Անհաղթ հերոս Քաջըն Նազար,Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Վա՜, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է անում տեսնում՝ գլխավերևը քառասուն լրդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են՝ սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է՝ մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են․— Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,Որ մին զարկես՝ ջարդես հազար,

Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում․ այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք՝ քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է, մեջը՝ մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք՝ շնորհ անես, գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած՝ առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են, ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։

5

Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե, Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմ գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը՝ մի աստված, ներքևը՝ մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի, ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է, դուրս գնում։ Գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա— հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ-հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել, հեծել․․․ տվե՛ք, հա տվե՛ք․․․

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացվում է․ «Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել, նստել․․․ էնքան պետք է քշեի ո՜ր․․․»։

Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։Էս աշխարհքում,Մարդկանց շարքումՈ՞վ կըլինի քեզ հավասար,Ո՜վ Քաջ Նազար։Ինչպես ուրուր,Կայծակ ու հուր,Բարձր բերդից թռար հասար,Ո՜վ Քաջ Նազար։Ահեղ վագրինԱրիր քո ձին,Հեծար անցար դու սարեսար,Ո՜վ Քաջ Նազար։Մեզ փըրկեցիր,Ազատեցիր,Փառք ու պարծանք քեզ դարեդար,Ո՜վ Քաջ Նազար։

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։— Լուսընկան նոր սարն ելավ,Էն ո՞ւմ նըման էր։— Լուսընկան նոր սարն ելավ,Էն Քաջ Նազարն էր։— Արեգակ նոր շաղեշաղ,Էն ո՞ւմ նըման էր։— Արեգակ նոր շաղեշաղ,Էն իր նազ֊յարն էր։Մեր թագավորն էր կարմիր,Իրեն արևն էր կարմիր,Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,Կարմիր թագուհուն բարև,Կարմիր թագվորին արև։Շնորհավոր, շնորհավոր,Քաջ Նազարին շնորհավոր,Իր նազ–յարին շնորհավոր,Ողջ աշխարհին շնորհավոր։

6

Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է՝ իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել, զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում, հրաման են խնդրում։

Պատերազմի անունը որ լսում է, սարսափում է Նազարը․ դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են՝ ուզում էր իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է․․․

Բերում են, զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին՝ իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե՝ Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատած բերում են․․․

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով․ «Կեցցե՛ Քաջն Նազա՜ր․․․ մա՛հ թշնամո՜ւն․․․»։

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է՝ վրեն ինչ անպետքի մինն է նստած, խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են՝ Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՛ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է՝ չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառից փաթաթվի, դու մի՛ ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս, մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին, ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս,— փախի՛, որ փախի՛, թե մարդ ես՝ գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով, գալիս է․․․ Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է՝ կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված։

Էսպես առքով-փառքով էլ բերում, հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է՝ աշխարհքը իր բռան մեջ։

Ասում են՝ մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է, ասում է․

— Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։

Անգին քարը

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը մի փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց, չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՜նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՛ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե խելոք ծեծեք… էլ խելոք ծեծելը ո՞րն է… կողքերը կփշրենք, պրծավ գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և անարդար, և անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,— ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստծու ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք,— թե ի՞նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։— Մեղավորներն են արդարանում, իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ արել են։ Եվ ասեմ թե չէ, դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՜հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ տեսեք։

«Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…»՛

— Տեսե՛ք, տեսե՛ք՝ ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին, նրանից պրծնում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք պատմի։

Ու Սայիդը շարունակեց։

«Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ կրկնակի գերի…»

— Ա՛յ էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

«էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք, անտուն, անտեր թափառում եմ, ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար»։ Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ, հրես թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվնց աղքատներից մինը։

— Գա՜նգատ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները.— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը՝ ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև։ Թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։ Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է իր սրտիցը տա… իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի՝ հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ. ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են՝ խեղճ, անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե, լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը.— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՜վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անց կացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։

Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց հրավիրել իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց դալիան ծխել ու պատմություն անել։

— «Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ոչ ձիով, ոչ ուղտով և ոչ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

«Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

«Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է ՚հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

«Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

«Խելոք մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

«Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը՝ խղճմտանքն է։

«Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ դուրս եկավ որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղներ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի, ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռ, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում»։

Ամենքի սիրտն էլ խորը շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել Հափշտակող դատավորին։

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի տեսակ էն ոճիրն է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.— քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

Ու հրամայեց ներս կանչել Աայիդին։

— Աայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

— Հապա ի՞նչ ես ուզում։

— Ես դրանից բան չեմ ուզում։ Թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել;

— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշովը մին ոսկի։

Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց՝ Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց, «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները։

ԴԴԴմիտկոլիյե անունով դդումը

Բարև ձեզ, ես Դդդմիտկոլիյե անունով դդումն եմ: Ծնվել եմ 2015 թվականի հունվարի 23 ին, Եսիմքազքաղ գյուղում: Ազգանունս Կուռկառկեռկառլյան է: Սիրում եմ, որ ինձ մարդիկ կտրում են, որ մեծանամ ուզում եմ դդումների թագավոր դառնալ:

<> ՆԱԽԱԳԻԾԸ ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։ Կան ճամբարներ, որոնք իմ դուրը չեն գալիս և հակառակը,որոնք իմ դուրը գալիս են. Օրինակ՝ այս ճամբարում մենք դասարաններով չենք այլ ջոկատներով: Նշանակում է, որ այս ճամբարում 4-րդ և 5-րդ դասարանցիները կարող են իրար հետ լինել:

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։ Ճամբարը տարբերվում է դպրոցական առօրյայից, որովհետև մենք տնային դաս չենք անում, այլ նախագծեր:

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։ Որովհետև 4-րդ և 5-րդ դասարանցիները իրար հետ են:

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։ Որ իմ շախմատային ընկեր Արթուր Բազիկյանն իմ հետ է:

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։Առաջին օրը ես ոչինչ չհասկացա ճամբարից, հետո կարոտեցի իմ դասարանի ընկերներին, որոնք ուրիշ ջոկատներում են, արդեն ուզում եմ, որ վերադառնանք դպրոցական առօրյային:Կարոտել եմ դասարանցիներիս և իմ դասարանը, որովհետև իմ ջոկատը չորսի երկու դասարանում է, իսկ ընկերներս ուրիշ ջոկատներում:

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։Ոչինչ:

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։ Խորհուրդ չունեմ ամենինչ լավ է:

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։Օրինակ իմ դասարանի ամենալավ ընկերոջս՝ Ալեն Հովսեփյանին, հունվարի հինգին չորս անգամ զանգել եմ տեսնեմ, որ ջոկատ է ընտրել, բայց նա իմ զանգերին չեր պատասխանում:Անցավ չորս օր Եկավ Հունվարի և նա ինձ զանգեց և ասաց որ.

– որ չորրորդ ջոկատ է, ես տխրեցի որովհետև նա ուղղակի ընտրել էր, որովհետև չորրորդ ջոկատում ամեն օր էլ երգ կա, իսկ նա երբեք չի սիրել երգ: Իսկ ես ընտրել եմ երկրորդ ջոկատ որպիսզի երգի դասաժամ չունենամ: Կառաջարկեի նրան մտնել եքզել սայտ, որն ուղարկել է ընկեր Սոնան և դիտել, թե որ ջոկատն ինչ դասաժամ ունի ամեն օր:

Մարտիրոս բիձու ուզածը

Հայտնի բան ա, որ տարիքի բեռը ծանր ա գալիս մարդ արարածի վրա։ Ամեն մարդ չի կարենում դիմանա էդ բեռին։

Մարտիրոս բիձեն, որ ութսունվեց տարեկան դառավ, գլխացավից էր գանգատվում, ասում էր՝ ականջներս դժժում են, ոտներս թուլացել են, դողում են, ասում էր։

— Բան չկա, պապի,— ասում էին,— ծերությունից ա:

— Հրես, կերածս չեմ կարում ծամեմ, աչքերս էլ շաղվում են, բան էլա չեմ տեսնում։

— Էդ էլ,— ասին,— ծերությունիցն ա։ Մարտիրոս բիձեն նեղացավ։

— Բա ինչի՞ հրոխպորս տղա Հաբեթը, որ ինձանից մի քանի տարով մեծ ա, ասում ա, որ իրա ամեն բանը կարգին ա։

— Մարտիրոս բիձա,— ծիծաղեցին հարևանն՛երը,— Հաբեթը ասո՞ւմ ա, դե դու էլ ասա, որ լավ լինի։

Մարտիրոս բիձեն դառնացած գլուխը տարուբերեց.

— Ձեզ համար ի՞նչ կա,— ասեց,— ձերն էնա, որ սեպներդ բաց անեք, մարդի վրա ծիծաղեք։ Դուք գիտե՞ք,— ասեց,— որ հեռ լսողաց, ինձ չեմ կարում պահեմ, գիշերները տակս թրջում եմ։

— Այ տղա, Մարտիրոս,— ձեն տվեց նրա մանկության ընկերներից մեկը,— օրորոցը միտդ ա ընկե՞լ։

Էս խոսքի վրա ջահելները ծիծաղեցին, ամա մի ուրիշ տարիքով մարդ (չէ՞ տարիքովը խելոք կլինի)— ձեններդ կտրեք,— ասեց,— Մարտիրոս հեչ դարդ մի անի,— ասեց,— հրեն Քոթակլի գեղումը մի հայտնի գիր անող կա, քանի-֊քանի մարդ ա սաղացրե, բերեք էստե, թող գա, գիր անի։

Կանչեցին էդ գրբացին, էկավ գիր արեց, ամա արի տես, որ գիրը շատ զոռ էր արել, խեղճ Մարտիրոսի վիճակը ավելի վատացավ։

Բանը հասավ տերտերին,

— Մարտիրոս,— ասեց,— օրշնյալ, ժամ ու պատարագ, աղոթք ու աստծու անունը մտահան ես արել։ Վեր կաց, արի ժամը, մատաղ արա, խունկ ու մոմ վառի, գիշեր-ցերեկ աղոթի աստծուն, որ ցավերից ու տանջանքներից ազատվես։

Ու Մարտիրոս բիձեն սկսեց աղոթել, օր ու գիշեր էն էր խնդրում աստծանից, որ հոգին առնի, ազատվի ցավերից։

Մարտիրոս բիձու աղոթքը հասավ երկինք։ Աստված տեղն ու տեղը Գափրել հրեշտակին ուղարկեց ներքև։

Մարտիրոս բիձեն աչքը բաց ա անում՝ Գափրել Հրեշտակը հրեն գլխավերևը կանգնած։

— Մարտիրոս բիձա,— ասում ա,— աստված լսել ա քու աղոթքը, հրես ուղարկել ա ինձ, որ հոգիդ առնեմ։

— Գափրել հրեշտակ,— կմկմում ա Մարտիրոս բիձեն,— ես հո չասի, որ հենց էս սհաթին ուղարկի հոգիս առնելու։ Էդ ինչի՞ ա էդքան վռազել աստված։ Խոսք էր ասեցի էլի։ Ամեն ասածի, որ ուշ դնես, էդ ո՞ւր կհասնի։ Ես փորձել եմ աստծուն, մեռնեմ նրա զորութենին, ես գիտեմ, որ նա իմ խնդիրը կատարողը չի։ Հազար անգամ ժամ եմ գնացել, մոմ եմ վառել, խունկ եմ ծխել, արտասուք եմ թափել, աղաչել-պաղատել մի հետ էլա ուզածս չի կատարել։ Հենց հիմի՞ ա վռազ ուղարկել, որ հոգիս առնե՞ս։

— Մարտիրոս բիձա,— ասում ա Գափրել հրեշտակը,— վերնային աստվածը գիտի իրա անելիքը։ Հիմի քանի՞ կոպեկ արժի քու էդ խոսքերը։

— Մեռնեմ նրա զուրութենին,— էրեսը խաչ ա հանում Մարտիրոս բիձեն,— ամա դե ասում էի՝ թոռներիս մեծանալը տեսա, ծոռներիս մեծանալն էլ տեսնեի, նոր գայիր հոգիս առնեիր։

— Քանի տարի ես ուզում էլի ապրես,— հարցնում ա Գափրել հրեշտակը։

Մարտիրոս բիձեն սուս ա արել։ Ձեն չի հանում։

— Բավականն ա քեզ մի քսան-երեսուն տարի,— հարցնում ա Գափրել հրեշտակը։
Մարտիրոս բիձեն էլի սուս ա կացել։

— Դե, ասա, ինչքա՞ն ես ուզում։

Մարտիրոս բիձեն ասես պապանձվել, լիզուն կուլ ա տվել։

Գափրել հրեշտակը, որ տեսնում ա ալևորին էդպես խեղճացած, նեղն ընկած, սիրտը ճմլվում ա, արտասուք ա գալիս աչքերիցը։

— Մարտիրոս բիձա,— ասում ա,— մենք էլ ժամանակին մարդ ենք էլել մեզ համար։ Մարդահաշիվ էինք, մինչև որ աստված, մեռնեմ նրա զորութենին, իրա վերնային հրամանով ինձ կարգեց հոգեառների գլխավոր նաչալնիկը։ Հիմի խիղճս միտս ա էկել։ Ես քեզ կօգնեմ։ Տեսնում ե՞ս դռանը կանգնած ուղտը։ Վեր կաց տեղիցդ, բութ մատդ դիր ուղտի մարմնի որ տեղին կուզես։ Ինչքան մատիդ տակին մազ լինի, հաշվենք, էնքան տարի էլ ապրես։

Մարտիրոս բիձեն վեր ա թռչում տեղիցը, սաղ իր ջանով, փորով, պորտով, կպչում ա ուղտի մարմնին, պոկ չի գալիս։

Գափրել հրեշտակը մնում ա շվարած, չի իմանում ի՞նչ անի։ Գալիս ա տեսածը աստծուն պատմում։

— Տեր աստված,— ասում ա,— վերնային արդար ու իմաստուն դատավորը դու ես,— ասում ա,— հիմա ո՞նց կհրամայես։ Ես նրան խոսք եմ տվել, որ մազի համբարքի չափ տարի էլի ապրի։

— Գլուխդ մեծ քարովն ես տվել, որ էդ տեսակ խոսք ես տվել։ Դու քանի՞ գլխանի ես, որ ուզում ես ինձանից ավել իրավունք բանացնես։

Էս րոպեին գնա, էդ Մարտիրոսի հոգին առ, բեր տուր իմ ձեռը, ես դրա դատաստանը կանեմ։ Մեղավորը ես եմ։ Շատ էրես տվի մարդ-արարածին, ասի ինձ նման ստեղծեմ, որ բալի լավ ըլնի, ամա տեսնում եմ, քիչ էլ որ մնա՝ անմահություն կպահանջի ինձանից։

Աստված էս խոսքր վերևում ասում ա թե չէ, Մարտիրոս բիձեն ներքևումը իր մնացած արևը ձեզ ա բախշում՝ հոգին փչում։

* * *

Պապս հեքիաթը որ թամամացրեց, մեր տան պուճուր հարսը ասեց.

— Աստված տեղին ա չարացել, Մարտիրոս բիձու ապրածը իրան բոլ ու բոլ էր։ Էլ ինչի՞ էր ուզում ավել ապրի։

— Ջահել ես, հարսի ջան,— ասաց պապս,— կյանքը որ կա՝ ամենաքաղցր բանն ա աշխարքիս էրեսին, նրանից կշտանալ չկա։ Ինչքան էլ մարդ բեզարի կյանքից, ինչքան էլ ձեն տա, կանչի մահին՝ խոսքով կասի, ամա տեղն ընկած վախտը՝ մեռնիլ չի ուզում։ Բա ձեզ չեմ պատմե՞լ։

Մի ալևոր անտառումը ցախ հավաքելիս շատ բեզարած վախտը, նստում ա ծառի քոքին.

— Տեր աստված,— ասում ա,— էս ի՞նչ շան կյանք ա, որ ես քաշում եմ, էն լավ կլինի մահը միանգամից ինձ տանի։

Էս խոսքը դեռ թամամ ասած-չասած մահը գալիս ա ալևորի գլխավերևը կանգնում.— կանչել էի՞ր,— ասում ա,— հրես էկել եմ, արի տանեմ։

— Ո՞ւր տանես,— ասում ա ալևորը,— ես գալու ժամանակ ունե՞մ, որ գամ։ Հրեն մեր տանը անտեր ու սոված իմ պառավն ու թոռները սպասում են, որ էս ցախը ծախեմ, հաց տանեմ տուն, համ էլ մի քիչ կրակ անեմ, տաքանան։ Հորդ օղորմի, Մահ ախպեր, մի օգնի ինձ, էս ցախի կապոցը շալակիս դիր, հենց դրա համար էի քեզ կանչում։

— Հա, դե որ էտենց ա, հմի քեզ չեմ տանի, գնա քու բանին։ Ամա մեկ էլ որ ձեն ես տվել, կգամ հոգիդ կառնեմ։

տարեմուտի խոստովանություն

Այս տարին շատ արագ անցավ: Ես շախմատում ստացա 2-րդ կարգի որակավորում, մասնակցեցի երկու ճամբարի՝ Արատես և Գուգարք: Մասնակցեցի 1-ի կարգի որակավորման մրցաշարի: Սեպտեմբերին արդեն կրթահամալիրի Հարավային դպրոցից տեղափոխվցի Արևմտյան դպրոց: Ձեռք բերեցի նոր ընկերներ Արևմտյան դպրոցում: Եվ այլն գնացի շատ-շատ լավ տեղեր բարեկամներիս և հարազատներիս հետ: Սկսեցի շատ սիրել ուրբաթ օրը, որովհետև աշխատանքային շաբաթն ավարտվում է ու ես այցելում եմ տատիկիս ու պապիկիս: Այս տարի իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը այն է, որ ես դարձա ինը տարեկան:

15 հետաքրքիր փաստեր ամանորի մասին 17.12.2021

  1. Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով: 
    2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով: 
    3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը: 
    4. Թաիլանդում Ամանորը նշվում է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում: 
    5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում: 
    6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել: 
    7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները: 
    8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում: 
    9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում: 
    10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով  և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները: 
    11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:   
    12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին  հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է: 
    13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը: 
    14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս: 
    15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում: 

Ինձ ամենաշատը զարմացրեց այս փաստերը՝

Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս: Ես երբեք չէի մտածել դրա մասին, որ մարդիկ կարող են նվել տալ Ձմեռ պապին և այդ ինչպես են անում, Եվ  Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը: 

Չարլի չապլինի նամակը իր դստերը

Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին. Ես քո հայրն եմ, Ջերալդինա:Ես`Չարլին, Չարլի Չապլինը: Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»: Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա…ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա…ողորմածություն հայցում… Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում: Ավելի լավ է խոսենք քո մասին: Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին…Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է: Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին: Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը: Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս, ասեմ մի ճշմարտություն: Մարդիկ գետնի վրա ավելի՛ անհաստատ են, քան լարախաղացները՝ երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին… Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը: Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ: Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին: Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ: Փորձիր և դու:Համբուրում եմ քեզ:Չարլի: