Գոյականի անուն

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
  • կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
  • անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝

Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • հասարակ և հատուկ գոյականներ,

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ։ Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն։

  • թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ

Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն
իր ամբողջ բազմազանությամբ, իսկ վերացական գոյականները նյութական
մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս հատկանիշներ, երևույթներ
(բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են
առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։

  • անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ

Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։
Անձ ցույց տվող գոյականները սովորաբար ներգոյական հոլով չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի։ Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները՝ «ի՞նչ» հարցին։

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Բացառություն՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգներ կամ անգղեր

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Հավաքական գոյականներՀավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջություն, բազմություն։ Դրանք ձևով եզակի են, նախադասության մեջ գործածվում են որպես եզակի գոյականներ, բայց արտահայտում են հոգնակի թվի իմաստ, օրինակ՝ ուսանողություն, հայություն, գյուղացիություն։ Հայերենում հավաքական գոյականներ են կազմվում -ություն, -եղեն, -անք, -ենք, -ոնք, -այք, -անիածանցներով, ինչպես՝ երիտասարդություն, Վարդանանք, ամանեղեն, դեղորայք, առածանի և այլն։
Հավաքական գոյականներ են նաև՝ բանակ, երամ, ոհմակ, վտառ, պարս և այլն։

Հոլով

Արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղականսեռականտրականհայցականգործիականբացառական
և ներգոյական։

Հոլովման տիպերը

Ըստ կրած փոփոխությունների դիրքի և օրինաչափության՝ տարբերակում ենք արտաքին (Ի, Ու, Ան, Ց, Վա, Ոջ հոլվումներ), ներքին (Ա, Ո հոլովումներ)։

Գոյականի կազմությունը

 Գոյականակերտ ածանցներ։ Գոյականները  կազմվում են   գոյականակերտ ածանցների՝  վերջածանցների միջոցով։

Հայոց լեզու

1.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1.դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել

2.հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ

3.կուտակել, շրջապատել,հավաքել,ժողովել

4.անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ

2.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1.դեռափթիթ, մատղաշ,մանկամիտ,պատանի,

2.դժխեմ,անողորմ, ժանտ, վայրագ

3.թաքնվել, պարուրել, քեղարկել, սքողել

4.մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ

3.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1.դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ

2.խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք

3.ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ

4. անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ

4.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1.աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր

2.վայրագ,փառասեր, մեծամիտ, անհարգալից

3.համայն,ամենայն, ամբողջ, բովանդակ

4.դրացի, հարևան, կողակից,դրկից

5.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1.հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական

2.վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ

3.ծավի, լաջվարդ,բիլ, դեղձան

4.սերել, ծնվել, ծագել, առաջանալ

6.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1.գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին

2.խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ

3.հրապուրիչ, դյութիչ,հմայիչ,հուզիչ

4.անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր

7.Որ շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1.թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ

2.մազ, գիսակ, հեր,ագի

3.ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր

4.ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ

8.Որ շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1.մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ

2.բիրտ, դժնյա, անողոք, անագորույն

3.դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ

4.ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար

Դաշնամուր Վիլյամ Սարոյան

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։

― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

1. Վերլուծիր պատմվածքը:

Այս պատմվածքը պատմում էր, տղայի դաշնամուրի նկատմամբ՝ սիրո մասին: Օրերից մի օր նա խանութում դաշնամուր նկատեց և նա, որոշեց մտնել խանութ որպեսզի նվագի դաշնամուրը: Էմման՝ Բենի ընկերը, նկատեց թե ինչ լավ է նվագում դաշնամուրը Բենը և Էմման դարձյալ հարցրեց.

-Նվագել գիտե՞ս: Բենը պատասխանեց.

― Ո՛չ, չգիտե՛մ:

Իսկ հետո մոտեցավ նրանց աշխատողը, նրանք ողջույնեցին միմյանց և Բենը ասաց.

-Հիանալի դաշնամուր է:

-Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ Բենը հարցրեց.

-Որքա՞ն արժի այն:

Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ Եվ այստեղ իմ կարծիքով Բենը սկսեց տխրել, քանի որ նա այդքան գումար չուներ՝ որպեսզի առներ դաշնամուրը, բայց վաճառողը թույլ տվեց նրան նվագել էլի: Երբ նրանք՝ Էմման և Բենը դուրս եկան խանութից՝ նրանք գնացին նախաճաշելու: Ապա հետո Բենը ասաց.

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

Ժորժ Աբրահամյան. Հորս կոշիկները

Իրանահայ թարգմանիչ, գրող Ժորժ Աբրահամյանի «Հորս կոշիկները» պատմվածքը թերև կենսագրական հղումներ ու իրական հերոսների ունի, գուցե պատմում է շատ որոշակի հայրիկի մասին, սակայն ինչպես լավ գրականությունն ընդհանարապես, այս պատմվածքը նույնպես,  կենսագրական որոշակի դրվագից վերաճում է կարևոր գաղափարի, այս դեպքում՝ հայրության մասին ընդհանրական պատմության: Իրանահայերի կյանքից այս հուզիչ պատմության մեջ, ընթերցողը չի գտնի հերոսին իդեալականացնելու միտում, հայրության բարձր առաքելության մասին խրատ կամ քարոզ: Հեղինակն արևելյան հանդարտությամբ, սեղմ դիպաշարով, սակավ գեղարվեստական միջոցներով ուղղակի պատմում շատ սովարական մի պատմություն, շատ սովորական մի մարդու մասին, որը չէր սիրում նոր կոշիկներ գնել: Սակայն պատումի համեստությունը, հեղինակի քչախոսությունն էլ ավելի են ընդգծում գլխավոր հերոսի կերպարը՝ նրա խոնարհությունը, սերը, նվիրումն ընտանիքին և ամենակարևորը՝ հայր լինելը:   

Հորս կոշիկները  

Ինձ միշտ թվում էր հայրս ընդամենը մի զույգ կոշիկ ունի։

Նրա մյուս կոշիկները երկու մեծ եղբայրներիս նախկին կոշիկներն էին, որոնք երբ հնանում էին, հագնում էր հայրս, ու կարևոր չէր, թե ինչ գույնի, կամ ինչ ոճի կլինեին։

Հորս ոտքերը փոքր էին ու հարմարվող։

Որքան հիշում եմ հայրս երկու անգամ էր իր համար կոստյում պատվիրել. մի անգամ քրոջս հարսանիքին, մի անգամ էլ, երբ պիտի Հայաստան ճամփորդեր, եղբորը ու նրա ընտանիքին հանդիպելու նպատակով, նրանց՝ Խորհրդային Հայաստան ներգաղթելուց երկար տարիներ հետո։

Հայրս, երբ կոստյումը դերձակից վերցրեց, մի զույգ սև կոշիկ էլ դերձակի խանութի մոտ գտնվող կոշիկի խանութից գնեց։ Միասին էինք։ Դերձակի խնդրանքով նա կոստյումը հագավ ու անմիջապես նկատեց, որ ոտքերին նոր կոշիկներ են պետք։

Իհարկե, մինչ գնելը, մի քանի րոպե կոշիկի խանութի դռան առջև մտմտաց հայրս, հասկանալու, թե իրո՞ք, իր ասելով՝ ոտնամաններ պետք են ոտքերին, թե՝ ոչ։ Հայրս ժլատ չէր, պարզապես կարծում էր, որ միայն իր երեխաներին են անհրաժեշտ նոր կոշիկներ։

Այս դեպքը եղել է տարիներ առաջ, որից հետո հայրս ոչ կոստյում պատվիրեց, ոչ էլ կոշիկներ գնեց։ Տղաները մեծացել էին արդեն։

Դրանից առաջ չեմ հիշում, թե ինչպե՞ս է եղել։ Ես փոքր էի, և եղբայրներիս ոտքերը դեռ չէին մեծացել։

*****

Մի օր ցուրտ ձմռանը, երբ եղբայրս ու նրա կինը մեր տուն եկան, եղբայրս սուրճը խմեց մորս պատրաստած բորսաղի հետ, ապա գնաց, իր ավտոմեքենայից մի զույգ սրածայր շագանակագույն սապոգ բերեց ու մորս ասաց.

— Սրանք ինձ պետք չեն, Հելենն ասում ա չեն սազում ինձ, բոյս ավելի կոլոտ են ցույց տալիս։Հետո գնաց միջանցք, կոշիկները դրեց կոշիկի պահարանի կողքին ու բարձր ձայնով շարունակեց.

— Մա՛մ, կտաս մեկին, ով կարիքն ունենա։

Քիչ անց ժպիտը դեմքին նայեց սակավախոս հորս ու շեշտեց.

— Կարիքավոր, մա՛մ… 

Հետո մորս ականջին քչփչաց.

— Չթողնես պապան հագնի։

Բայց հաջորդ օրը հայրս սապոգները հագավ ու մի քանի տարի նույն կոշիկներով ձմռան ցրտերին աշխատեց իր երկաթագործության արհեստանոցում, ուշադրություն չդարձնելով սրածայր կոշիկների մասին հաճախորդների կատակներին։

Հայրս միայն աշխատում էր ու կոշիկ առնելու ժամանակ ու հավես չուներ, իսկ եթե ունենար էլ, չէր առնի, մեզ համար կառներ։

Երբ նա մահացավ, մի ամբողջ շաբաթ մայրս արտասվեց և արտասվելով հավաքեց հորս հագուստները մի ճամպրուկի մեջ, հետո սրածայր կոշիկները դրեց տոպրակի մեջ ու ինձ մեկնեց.

-Դուրս գնացիր, էս կոշիկներն էլ կգցես աղբամանի մեջ։

Կոշիկները աղբարկղի մեջ նետելուց առաջ հանեցի սև տոպրակի միջից, նայեցի դրանց, մաշված չէին։ Հորս ոտքերը իր նման էին` ոչ մեկին վնաս չէին կարող պատճառել։

Կոշիկները նետելուց հետո ինքս ինձ ասացի. 

— Տեսնես կոշիկնե՞րն էլ հորս ոտքերի պես են եղել։

ՌՈՒԲԱՅԱԹ

Ընտրիր երկուսը, վերլուծիր և անգի՜ր սովորի՜ր, ձայնագրվի՜ր։

Այն պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

․․․

Եղ․ Չարեննց

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

—————————————-

XII

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

[ էջ 313 ]

XV

Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես,
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն ընդունում ես,
Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է անհատնում այս տունը—
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ՝ մշտապես խնդո՛ւն է։

Գրականություն

Պատերազմը: Վ. Սարոյան

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։

Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայիր։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։

Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խարբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնատեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմաննեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.

— Դու գերմանացի՞ ես։

Հերմանն ասաց.

— Այո:

Ւնչ-որ մեկը հարցրեց.

— Դու ատո՞ւմ ես կայզերին։

Հերմանն ասաց.

— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։

Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.

— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։

Եվ նա բղավեց.

— Ոչ, ես ձեզ եմ ատում։

Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ընկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։

Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

— Ի՞նչ:

Ես մի անգամ էլ հարցրի.

— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

1․ կարդա՛ պատմվածքը։ Քեզ անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Ոճրագործ-չարագործ:
2․ Գրի՛ր՝ ո՞րն է պատմվածքում արտահայտված գաղափարը։ Այս պատմվածքի գաղափարը դա այն է, որ պետք չէ ատել անմեղ մարդկանց, եթե նույնիսկ նրանք քո թշնամիներն են:
3․ Գրի՛ր քո կարծիքը պատմվածքում արտահայտված գաղափարի մասին։ Ես մտածում եմ, որ այս պատմվածքի արտահայտված գաղափարը ճիշտ է, իհարկե դու պետք չէ սիրես քո թշնամուն, բայց պետք չէ ատել նրանց:

Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

— Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

— Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

— Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ, վերջիվերջո, ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

— Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

— Եվ ինչո՞ւ է նա հիմար:

— Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

— Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

— Տո՛ւր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են նրա համար, ավելացնում է:- Ավելի լավ է՝ երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

— Երկո՛ւսը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

— Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է՝ չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ շոգ է:

— Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

— Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

— Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

— Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

— Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

— Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

— Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

— Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

— Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

— Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։ Պեսո-փողի միավոր Մեքսիկայում, կարամբոլ-բիլիարդի տեսակ:

2․ Հիմնավորված գրե՛ք ձեր կարծիքը պատմվածքի մասին

Իմ կարծիքով՝ պատմվածքը նրա մասին էր, որ պետք չէ հավատալ այդպիսի բաների։ Ճիշտ է, լինում են դեպքեր, որ կանխագուշակումները ճիշտ են լինում, բայց պետք չէ սպասել, որ այդպիսի բան լինի, որովհետև դրանից ավելի է լարվում իրավիճա

3․ Ո՞րն է պատմվածքի գաղափար՝ հեղինակի ասելիքը։

Ինձ թվում է հեղինակի ասելիքը նրա ասած վերջին նախադասությունն էր՝

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

Գրականություն

Համո Սահյան

ՕՏԱՐԻ ՏՈՒՆ ԴՈՒ ՉԳՆԱՍ ԵՎ ՉՏԱՍ ՔՈ ՏՈՒՆՆ ՕՏԱՐԻՆ

Վերջին անգամ արի նստենք,
Մի քանի բառ ասեմ, գնամ,
Քեզ ուխտավոր ասեմ, ինձ էլ
Մատաղի գառ,- ասեմ, գնամ:

  • Օտարի տուն դու չգնաս
    Եվ չտաս քո տունն օտարին
    Տանդ մնա և միշտ պահիր
    Օջախդ վառ,- ասեմ, գնամ:

-Ոտքերիդ տակ փռված մնան
Թավշյա փեշերը դաշտերի,
Ծիվ-ծիվ կանչեն գլխիդ վերև
Ծիտ ու ծիծառ,- ասեմ, գնամ:

Արդար բաշխիր հացդ արդար
Սովյալներին և անկյալին,
Տուր թող ուտեն, չխնայես
Ոչ մի պատառ,- ասեմ, գնամ:

  • Հողն է տվել քեզ ամեն ինչ,
    Բաշխիր հողին, ինչ որ ունես,
    Որ պարտեզը պարտեզ մնա,
    Անտառն՝ անտառ,- ասեմ, գնամ:

  • Քեզ համար ի՞նչ սառնամանիք,
    Հրեղեն է մեր հողը, և
    Նրա մի բուռ ձյունի մեջ էլ
    Կա մի ամառ,- ասեմ, գնամ:

Մի բուռ ազգ ենք ու հող մի բուռ,
Եվ այդ հողում ամենից շատ
Քարերն են շատ, ամեն քարին
Ես արծվի թառ,- ասեմ, գնամ:

Ծաղիկն ու միրգն ո՞վ վայելեց,
Որ ինձ փուշը մնաց բաժին,
Ես իմ բաժին ամեն փշին
Դրախտի ծառ,- ասեմ, գնամ:

Ու երբ կանգնի գլխիս վերև
Հարկահավաքն անէության,

Բարով եկար, ուշ ես գալիս,
Արևս առ,- ասեմ, գնամ:

Կարդա՜ և վերլուծի՜ր բանաստեղծությունը․

իմ կարծիքով այս բանաստեղծության իմաստը այն է, որ դու պետք է գոհ լինես ամեն ինչից, որը ունես քո կյանքում, որովհետև մարդիկ կան ովքեր ոչինչ չունեն:

Դուրս գրի՜ր հականիշները:

եկար-գնամ, սառնամանիք-հրեղեն:

Ո՞ր բառն է հաճախ կրկնում բանաստեղծը և ինչու՞ (գրիր կրկնվող բառի խորհուրդն ու բովանդակությունը ըստ քեզ)

Բանաստեղծության մեջ բանաստեղծը շատ է կրկնում ասեմ, գնամ բառը: Ըստ ինձ բառի խորհուրդն այն է, որ նա ընդմիշտ կատարել նրա խոսքերից:

«Բարո՜վ եկար․․․» կամ «Օտարներ չկան» վերնագրով գրի՜ր մտքերդ․․․

Օտարներ չկան

Օտարներ չեն լինի այս աշխարհում՝ եթե մարդիկ լինեն սիրալիր: Եթե ամեն մի մարդ հարգի դիմացին, ապա այս աշխարհում օտարներ չեն լինի և ոչ միայն օտարներ՝ այլ նաև չեն լինի պատերազմներ, կռիվներ և այլն: Եթե մարդիկ ագահ չլինեն, աշխարհը կարող է աճել և հասնել իր գագաթնակետին:

Փոքր քայլերի արվեստը։ Սենտ Էքզյուպերի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Իմ առանձնացրած մտքերը այս տեքստից

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

  1. Կարդալ պատմվածքը։ Կարդացի:
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։ Անհասկանալի բառեր չկային:
  3. Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։ Օրինակ՝ երեխան միայնակ և որբ է, իսկ ուրիշները ունեին ընտանիք:
  4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները: Ստեղծագործության մեծ երկու աշխարհներ կային, հարուստները և աղքատները: Հարուստները շատ անխիղճ էին: Տղային արհամարեցին: Աղքատները, որոնք ապրում էին փոքր տանը, նրանք խղճացին այդ որբ տղային, տանելով իրենց տուն: 

Գրականություն

Սովորել անգիր

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

Այս բանաստեղծությունը պատմում է տխրության և կյանքի անարդար պահերի մասին, որը բոլորիս հետ էլ պատահում է: