Համո Սահյան
Կոմիտաս
Քո երգերի մեջ գութանի վար է,
Ծիրանի ծառ է ու խնկի ծառ,
Սիրավոր լոր է ու Սոնա յար է,
Թուխ այտի խալ է ու ծնկի ծալ:
Մոր լցված աչքը որդու գալուն է,
Շեմքի քարին է զրկված հարկի,
Ամպոտ երկինք է, ձյունոտ գարուն է,
Կուց-կուց արուն է արոր հավքի :
Կրակի բոցը դանդաղ մարում է,
Մեռնող սրտի պես դանդաղ բաբախում,
Եվ կրակի մոտ տխուր մայում է
Մատաղի գառը վանքի բակում…
Ծանր նստել ու հոնքը կախել է
Տանտիրոջ տերը – հոգսը խրթին:
Արևի շողքը երդից կաթել է
ՈՒ փշրվել է թոնրի շրթին:
Ճաշթողի պահ է, սուփրան փռած է,
Քրտնած գավաթ է, համեմ ու հաց:
Դեզի շվաքում երեխի լաց է,
Դեզին Թիկնած է հարսը շիկնած …
Լուսնյակ գիշեր է, կավե կտուր է,
Կավե սափոր է, կավե գավաթ:
Լացող սրտի մեջ լավի սարսուռ է,
Լավի կարոտ է, լավի հավատ…
Գաղթը մոտիկ է, բախտը հեռու է,
Հոգնած ճամփա է ու հոգնած ոտք:
Ցավն՝ անտակ, հույսը ցամաք առու է
Խոսքերը լաց են, լացը՝ աղոթք:
Այսպես է երգը… Երգը հնչում է,
ՈՒ ներշնչվում են ցամաք ու ծով,
Մի բուռ երգի մեջ ապրում, շնչում է
Անդարձ աշխարհն իր անցուդարձով: