
Բեզոարյան այծը լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Իրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև և 130 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։ Բեզոարյան այծը տարածված է Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Հանդիպում է դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում։ Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է: Սնվում են խոտաբույսերով, կիսաթփերով և տերևներով։ Ծնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ: Ներկայիս գնահատմամբ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ։ Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների։ Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը և անասունների արածեցումը։ Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում:

