համաշխհարային պատերազմ

Ներածություն

XX դարի սկզբին աշխարհն արդեն լարված էր քաղաքական, տնտեսական և ռազմական մրցակցությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ այն աղետը, որը փոխեց ամբողջ աշխարհի քարտեզը և մարդկության պատմությունը։ Պատերազմի պատճառներն ու հետևանքները հսկայական ազդեցություն ունեցան հատկապես այն ժողովուրդների վրա, որոնք ապրում էին կայսրությունների սահմաններում, օրինակ՝ հայ ժողովրդի։

Սկիզբ

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց 1914 թ. հունիսի 28-ին, երբ Ավստրո–Հունգարիայում սպանվեց Ֆրանց Ֆերդինանդը։ Պատերազմի պատճառները տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական էին։ Ավստրո–Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, Ռուսաստանը սկսեց զորահավաք, Գերմանիան հարձակվեց Ռուսաստանի վրա, և հակամարտությունը վերաճեց համաշխարհային։ Անտանտին էին պատկանում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և մի շարք այլ պետություններ, Կենտրոնական տերություններին՝ Գերմանիան, Ավստրո–Հունգարիան, Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։

Ընթացք և ավարտ

Պատերազմը ընթանում էր մի քանի ռազմաճակատներում։ Արևմտյան ռազմաճակատում Գերմանիան կռվում էր Ֆրանսիայի և Բելգիայի դեմ՝ խրամատային պատերազմով։ Արևելյան ռազմաճակատում Ռուսաստանը պատերազմ էր վարում Գերմանիայի և Ավստրո–Հունգարիայի դեմ՝ շարժուն մարտերով։ Հարավային ռազմաճակատում ներգրավված էին Սերբիան, Բուլղարիան, Հունաստանը և Ռումինիան, իսկ Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ տեղի ունեցան Օսմանյան կայսրության տարածքում՝ Մեսոպոտամիայում, Պաղեստինում և Կովկասում։ Աֆրիկայում եվրոպական գաղութներն էլ դարձան բախման կետեր։

Առաջին համաշխարհայինում կիրառվեցին նոր զինատեսակներ՝ գազային զենքեր, տանկեր, սուզանավեր, ռազմական օդանավեր և մեքենայացված գնդացիրներ։ Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական տերություններին և պատերազմեց Ռուսաստանին, Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային։ Այդ ընթացքում սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ զանգվածային տեղահանություններով, սպանություններով և բռնի մահվան երթերով, որի հետևանքով զոհվեց ավելի քան մեկուկես միլիոն հայ։ Ռուսաստանը մարտնչեց Կենտրոնական տերությունների դեմ Արևելյան ռազմաճակատում, բայց 1917-ին դուրս եկավ հեղափոխության պատճառով, իսկ ԱՄՆ-ը 1917-ին միացավ Անտանտին՝ օգնելով հաղթել Գերմանիային տնտեսական և ռազմական աջակցությամբ։

Պատերազմը ավարտվեց 1918 թ. նոյեմբերի 11-ին՝ Կոմպիենում զինադադարի ստորագրումով։ Գերմանիան և նրա դաշնակիցները պարտվեցին, և պատերազմը ավարտվեց Անտանտի հաղթանակով։ 1919 թ. Վերսալյան պայմանագրով ամփոփվեց պատերազմը։ Գերմանիան կորցրեց տարածքներ, սահմանափակվեց զինված ուժերը և պարտավորվեց վճարել փոխհատուցումներ։ Առաջացան նոր պետություններ՝ Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Հունգարիա, Ավստրիա, Յուգոսլավիա։

Վերջնարդյունք

Առաջին համաշխարհային պատերազմը ցույց տվեց, որ համաշխարհային հակամարտությունները կարող են խորը ազդեցություն ունենալ ոչ միայն ռազմաճակատներում, այլև խաղաղ բնակչության վրա։ Օսմանյան կայսրության մասնակցությունն ու Հայոց ցեղասպանությունը բացահայտեցին, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են ունենալ պատերազմի և քաղաքական ուժերի սխալ գործելաոճը։ Այս պատերազմը մեզ սովորեցնում է հասկանալ խաղաղության և պետականության արժեքը, ինչպես նաև անհրաժեշտությունը՝ կանխելու նման մարդկային ու ազգագրական աղետները ապագայում։

Leave a comment