Կենսագրություն
Իսահակ Նյուտոնը (25 Դեկտեմբեր 1642 — 20 Մարտ 1727) եղել է անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնական փիլիսոփա, աստղագետ, աստվածաբան և ալքիմիկոս: Համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկը: Նկարագրել է տիեզերական ձգողականության օրենքը և շարժման օրենքների միջոցով դրել է դասական մեխանիկայի հիմքը: Նյուտոն-Լայբնիցի Թեորեմայի համահեղինակն է: Իրականացրել է մոլորակների շարժման վերաբերյալ Կեպլերի օրենքների մաթեմատիկական համակարգումը: Առաջինն է եղել, որ փաստել է, որ սպիտակ լույսը բոլոր գույների համագումարն է: Նյուտոնի անունն են կրում բազմաթիվ օրենքներ ու տեսություններ, որոնք մինչև օրս էլ գործածվում են. նյուտոնյան դինամիկան, շարժման նյուտոնյան օրենքները, տիեզերական ձգողականության օրենքները և այլն: Հաստատել է գիտական մեթոդի ստույգ կանոնները: Գրել է աստվածաշնչյան գրքերի մեկնություններ (օրինակ, Հովհաննու Հայտնության մասին), որոնք սակայն մնացել են անտիպ:
Նյուտոն փոխարկման աղյուսակ
Նյոտոնի սանդղակը մշակվել է Իսահակ Նյուտոնի կողմից: Նա, որպես «ջերմության զրոյական աստիճան»՝ ընդունել է ձյան հալվելու ջերմաստիճանը և որպես «ջերմության 33 աստիճան»՝ ջրի եռման ջերմաստիճանը: Այդպիսով, նրա սանդղակը հանդիսացել է Ցելսիուսի սանդղակի նախատիպը, որի սահմանման մեջ օգտագործվել են նույն ջերմային երևույթները: Այսպիսով, այդ սանդղակի միավորը՝ նյուտոնյան աստիճանը, հավասար է 100⁄33 կելվինի աստիճանին կամ Ցելսիուսի աստիճանին, և որի զրոն՝ նույնն է, ինչ Ցելսիուսի սանդղակի զրոն:
Ե՞ՐԲ Է ԸՆԿԵԼ ՆՅՈՒՏՈՆԻ ԽՆՁՈՐԸ
Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:


