Լազարյան ճեմարան

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյան որդեգիրները։ 1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան հասակով երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։ 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ։ 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով։ Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ։ Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ։ Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ։ 1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին։ Ուսումնական ծրագրի մեջ մտնող մեկ արևելյան լեզվից բացի, հայերը և Կովկասի այլ ազգությունների պատկանող սաները սովորել են նաև իրենց մայրենի լեզուն։ 1872 թվականի նոր կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա։ Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին։