Մխիթարյանի միաբանություն

Ազգը չզոհել կրոնին, և կրոնը ազգությանը․ Այսպիսի հավատանքի հիման վրա է ստեղծվել Մխիթարյան միաբանությունը։ Այն Հայ կաթոլիկ եկեղեցու վանականների միաբանություն է, այլ խոսքով կրոնական և մշակութային կազմակերպություն, որը Եվրոպայում հայկական հին մշակույթի ու հնագույն ժառանգության այցեքարտն է։

Միաբանությունը հիմնել է Մխիթար Սեբաստացին։ Նրա կյանքի երազանքն է եղել ստեղծել միաբանություն, որը նվիրված կլինի հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակի բարձրացմանը։ 20 տարեկանում Սեբաստացին քահանա է կարգվել։ Տարիների ընթացքում նա ծառայել է մի քանի վանքերում, եղել է նաև Էջմիածնում։ Բայց երկար որոնումների արդյունքում նա հասել է Կոստանդնուպոլիս, հենց այստեղ մի խումբ հայ երիտասարդների հետ 1701 թվականին հիմնում է Մխիթարյան միաբանությունը։ Սկզբում լատիներենից հայերեն հոգևոր գրականություն են թարգմանել, բայց Պոլսում պայմանները բարենպաստ չէին։ Մխիթարյանները հայտնվել էին լուսավորչական և կաթոլիկ հայերի պայքարի կենտրոնում։ Շուտով ստիպված տեղափոխվում են Իտալիա։ 1717 թվականին էլ Վենետիկի ծերակույտը քաղաքից դուրս գտնվող Սուրբ Ղազար կղզին շնորհում է միաբանությանը։ Սկզբում Սուրբ Ղազարը անշուք մի կղզի էր, որտեղ շուրջ 2 դար ապաստանել էին բորոտները, իսկ ավելի ուշ բացարձակապես լքվել էր։ Մինչև 1740-ականներ Սեբաստացին բարեկարգում է կղզին։

Այսօր երբ մտնում են միաբանությունն ու իմանում են ամբողջ պատմությունը, ուղղակի ապշում են, թե ինչպես կարող է մի մարդ նման ահռելի գործ կատարել։ Դե իսկ կղզու հենց մուտքի մոտ գրված է «Բարի եկար, հայրենակից»։ Միաբանություն են այցելել նշանավոր անձիք, պատմական դեմքեր, և բոլորը հիացած հեռացել են կղզուց։ Անգամ Նապոլեոն Բոնապարտը իր արշավանքների ժամանակ հրաման արձակեց, որ պետք է փակվեն բոլոր իտալական վանքերը, և Մխիթարյանականները կարողացան բացատրել Բոնապարտին, որ այն շատ հետաքրքիր և արժեքներ ստեղծող միաբանություն է։ Հատուկ հրովարտակով միաբանությունը ոչ միայն պահպանվեց, այլ նաև ակադեմիայի կարգավիճակ ստացավ։ Ավելի քան երեք հարյուր տարվա պատմություն ունեցող միաբանությունը միանգամից մի քանի եվրոպական ակադեմիանների գործ է արել։ Միաբանությունում զբաղվում են հայրենագիտական, բանասիրական, բառարանագիտական, թարգմանչական գործերով, կամ ինչպես հենց Սեբաստացին էր ասում հայկաբանությամբ։ Եվ այդ ամենն արվում է հանուն մեծագույն նպատակի՝ հանուն հայ ազգի լուսավորման։

Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում կա մոտ 5000 ձեռագրեր, հազարավոր հայերեն գրքեր՝ սկսած հին տպագրություններից մինչև նորերը։ Վենետիկի թանգարանն ուղղակի գանձարան է, այնտեղ այնպիսի ձեռագրեր ու օտարալեզու գրքեր կան, որոնցից շատերը աշխարհում գրեթե այլևս ոչ մի տեղ չկան։ Մխիթարյանների մասին հետաքրքիր բնորոշում է տվել սուլթան Համիդ II-ը, նա ասել է, որ ավելի շատ վախենում է Մխիթարյանների տպագրական սարքերից, քան հայ ֆիդայիների զենքերից։

Leave a comment