3-րդ հատված
Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.
— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։
Շունը կլանչելով հեռացավ։
Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։
— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։
Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։
Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։
— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։
— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։
— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…
Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:
— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։
Ասաց ու ինքն էլ վեր կացավ։
Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։
Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։
Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։
Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։
Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…
Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։
Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։
«Երևի գոմի մոտ է», մտածեցի։
Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։
Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։
Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։
Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։
— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։
Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։
Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։
Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։
Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։
Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…
Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…
Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։
— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։
Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։
Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։
Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։
— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…
Առաջադրանքներ՝
- Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում
չհամբերեց-փ լսում ենք, բ գրում:
կըլնեն-կարդում ենք կլնեն որովհետև ը տառը սղվում է:
գցել-կարդում ենք քցել գրվում է գցել:
այդ-կարդում ենք այտ:
Կենդանի-կարդում ենք կենթանի:
Վերնագրիր 3-րդ հատվածը:
Ես կվերնագրեի (փոքր հորթուկի ծնունդը):
3. Ունե՞ս որևէ կենդանի։ Պատմի’ր կենդանուդ արկածների մասին, եթե այն շուն է, ապա փորձիր զուգահեռներ տանել Չալանկի հետ։
Նրա անունը Բեթի է, նա շուն է: Նա աղջիկ է, սիրում է հաչալ, ուրախանալ, մեզ հետ խաղալ: Նա անծանոթ մարդկանց չի սիրում և միշտ հաչում է նրանց վրա: Մեկ շաբաթ է, որ հորաքույրս կանչել է Հրանտ անունով մի վարժեցնող մարդու, և նա վարժեցնում է Բեթիին: Նա շագանակագույն է, մեկ տարեկան է, նա բրդոտ է, աչքերը շագանակագույն են: Նա փոքր է, բայց, երբ հաչում, է բոլորը վախում են: Մի անգամ մենք մեր հողամասում էինք, որի հարևանությամբ գտնվում է մի տպարան, որտեղ կան մեծ շներ: Շները հաչում էին, և դա Բեթիի դուրը չէր գալիս: Եվ նա այնպես հաչաց, որ բոլոր շները վախեցան:
4. Մեկնաբանի’ր` Շանն ախպոր պես պիտի սիրել…
Շներին պետք է ախպոր պես սիրել, որովհետև նրանք շատ հավատարիմ են: Նրանք էլ ունեն զգացմունքներ, ինչպես մարդիկ: Նրանք պետք է լինեն բոլոր մարդկանց ընկերները: Իսկ մարդիկ կան, որ չեն սիրում շներին:
(Շները մարդկանց ընկերներն են):