Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։
Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։
874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։
- 3Միջին դդ․ Սևանավանքը եղել է պատմա-ճարտարապետական մեծ համալիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին ամենատարբեր նպատակների համար կառուցվածքներ (գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն): Սևանավանք համալիրում հիշատակված են Սբ. Աստվածամայր, Սբ. Լուսավորիչ, Սբ. Կարապետ, Սբ. Հարություն, Սբ. Հովհաննես Սկրտիչ, Սևանի Սբ. Նշան եկեղեցիները, որոնց անուններով երբեմն կոչվել է նաև վանքը։ Այժմ վանքի համալիրից պահպանվել և կանգուն են Առաքելոց եկեղեցին և Սբ․ Աստվածամայրը: