Թումանյանն իր մասին

Ինքնակենսագրություն

Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը՝ ամեն ինչ է։ Իմ մայրը շատ էր վայրենի․․․ նա սարի պախրա էր, եղջերու․․․ արտաքինով շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․ շատ էր ջիգյարով, իհարկե, դեպի իրեն երեխաները, և ինչ որ սարերի բան իմ մեջ-նանիցն է։

Մինչև տասը տարիս ապրել եմ գյուղում և կյանքիս մեծ մասը անց եմ կացրել սարերում։ Իմ մերը թռչող կին էր․ արծվի թռիչք ուներ։ Ամենաբարձր սարերում, ծաղկոտ տեղերում է պահել ինձ, կանաչներում, աղբյուրների մոտ․․․ Շատ ան է տվել ինձ, շա՜տ․․․ իհարկե, դա բնազդական սեր է, բայց շատ էր սիրում ինձ։

Ուրիշ բան էր իմ հերը-լավ մարդու կատարյալ տիպը։ Մեծ մարդ էր, զարմանալի խորը մարդ․ անդունդի խորություն ուներ լայն հոգի, շատ մեղմ, նուրբ ժպիտը միշտ դեմքին․ զարմանալի սրախոս էր, լուրջ սրախոս։ Երբեք իր նյութական պակասություններից չէր խոսի, իրեն միշտ հարուստ էր ցույց տալիս։

Շատ էր սիրում երգել, մեկ-մեկ էլ ինքը երգեր էր հորինում․ չունգուր ուներ, ածում էր իրիկունները։ Լավ զրից անող էր։

Իմ հոր տունը շեն տուն էր, առատ, հարուստ։

Մեծ սենյակ ունեինք, օջախը միշտ վառած, երկու կողմից երկար թախտ, դոշակներ ու մութաքաներ դարսած․ բոյահայելի՝ կողքին սազը կախած, մոմակալն ու մաղաշը, նկարներ․․․

Իմ հերը չէր սիրում քիչ բան առնել՝ խաղողը բեռնով էր առնում, քիշմիշ՝ խուրջինով։ Նրա ամենափոքր չափը խախալն էր։

Առատ էր պապոնցս տունը։ Ուրախ էի և անհոգ։ Շատ էին երես տալիս տատերս, երկու տատիս ծոցումն եմ մեծացել։

Տասը տարեկան գնացի Ջալալօղլի։

90 թվականին, երբ գիրք առաջին անգամ լույս տեսավ, իմ հերը շատ էր ուրախացել, ասել էր՝ <Հիմի ինձ էլ մահ չկա՜․․․>։ Շատ էր սիրում երեխաներին, ամեն երեխի ծնվելով գալիս էր Թիֆլիս։ Երբ առանձին բնակարան վարձեցի, էն տարին էլ գնացքի ճանապարհը շինում էին, շատ էր ուրախացել, ասում էր՝ <Հիմ շուտ-շուտ կգամ քաղաք, հենց որ տանը ինձ նեղացնեն՝ կնստեմ ու կգամ երեխանցս տեսնելու․․․>։

Բայց հենց էն տարին, նրա կյանքի վերջին տարին էր․ առաջին գնացքը ձորով անցնելիս ձայնն էր լսել միայն․․․>։

Leave a comment