Վիլյամ Սարոյան
(մաս երկրորդ)
Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։
— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։
— Բոլորը,— ասաց Լայոնելը։
— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։
— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։
— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։
— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։
— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։
— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։
— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։
— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։
— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:Նա հանգիստ վարում էր գրադարանը, նա շատ բարի էր որովհետև Լայոնելը նրան խնդրեց,որ նայի գրքերի մեջի նկարները նա շատ քաղաքավարի թողեց:
- Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:Գրքերի շնորհիվ մենք ինֆորմացիա ենք ստանում :
- Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:Որպեսզի միջից նոր ինֆորմացիա հանես,միշտ հիշես,գիտելիք ստանաս,հեքիաթներ կարդաս:
- Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:Ես հասցրել եմ կարդալ Անտուան դը Սենտ Էկզյուպերիի <<Փոքրիկ Իշխանը>>, հիմա կարդում եմ Ռոալդ Դալի <<Չարլին և շոկոլադե գործարանը>>, կարդացել եմ նաև Աստրիդ Լինդգրենի <<Էմիլի արկածները>>, Ջաննի Ռոդարիի <<Չիպոլինոյի արկածները>> ամբողջությամբ ,Հովհանես Թումանյանից 9 հեքիաթ, <<Մաուգլին>>, <<Ոսկե քարայծը>>:
- Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:
Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, Ես կառաջարկեմ՝ <<Փոքրիկ իշխանը>>, <<Չիպոլինոյի արկածները>> և <<Չարլին և շոկոլադե գործարանը>>: